ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Եթե առաջինը նորոգվելու է «Պարոնյանը», ոչ թե մայր թատրոնը, համարում եմ դա խայտառակություն»

«Եթե առաջինը նորոգվելու է  «Պարոնյանը», ոչ թե մայր թատրոնը,  համարում եմ դա խայտառակություն»
04.10.2013 | 12:01

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը շենքային հարմարությունների առումով ամենածանր վիճակում է` մայրաքաղաքի մյուս թատրոնների համեմատ։ Ամբողջ շենքը վերանորոգման լուրջ կարիք ունի, բեմական տեխնիկան «մահամերձ» է:
Սույն խնդիրների մասին տեղեկացնում է թատրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ:

«Իրատես de facto»-ի հետ զրույցում նա նշեց, որ թատրոնի բեմը, բեմական սարքավորումներն այն վիճակում են, որ երբեմն նույնիսկ հնարավոր չի լինում օգտագործել: «Ընդմիջումներով, տեղական «բուժումներ» անելով ենք օգտագործում: Ոչ թե «հիվանդի հիվանդությունն» ենք բուժում, այլ «ցավազրկում» ենք այդ պահին»,- ասաց նա, տեղեկացրեց նաև, որ օպերայի թատրոնի բեմը վերանորոգող մասնագետները մի քանի անգամ եղել են Սունդուկյանում և որոշ ուսումնասիրություններ, հաշվարկներ են արել: Սակայն խոսակցություններ են շրջանառվում, որ վերանորոգվելու են ֆիլհարմոնիկը, Պարոնյանի թատրոնը, նոր միայն Սունդուկյանը: «Ես առանց քաշվելու` Պարոնյանի անվան թատրոնի տնօրենի ներկայությամբ ասել եմ, որ եթե առաջինը նորոգվելու է «Պարոնյանը», ոչ թե մայր թատրոնը, համարում եմ դա խայտառակություն»,- ասաց Ստեփան Դավթյանը:
Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեցինք` իսկապե՞ս ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգումը մղվել է երկրորդ պլան: Ասացին, որ ճիշտ կլինի այդ հարցով դիմել քաղաքաշինության նախարարություն: Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատուն իր հերթին խորհուրդ տվեց հարցի պատասխանն ստանալ մշակույթի նախարարությունից, հավելեց, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել: Փորձեցի ճշտել, թե «ո՞ր պահին» կարող են ինչ-որ բան ասել և ստացա նույն ուղղորդումը` դիմեք մշակույթի նախարարությանը:
Շրջանցելով ոչինչ չասող հարցուպատասխանը` անցնենք հաջորդ խնդրին:
Երկու տարի է, ինչ արգելված է թատրոնի տոմսերի վաճառքը ուսումնական հաստատություններում. Ստեփան Դավթյանը հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված նման մոտեցումը։ Կրթության նախարարությունից տեղեկացրել են, որ իրենք որդեգրել են ուսումնական հաստատություններում տոմս չվաճառելու քաղաքականություն: Թատրոնի տնօրենի բնորոշմամբ` «ընտիր» որդեգրում է, մանավանդ որ ազգային թատրոնի խաղացանկը հարմարեցվում է նաև ուսումնական ծրագրերին: «Ի վերջո, դաստիարակչական և համամարդկային թեմաներով ներկայացումները դպրոցականներին ավելի անհրաժեշտ են, քան մեծահասակներին, որպեսզի դառնան հանրապետության քաղաքացի, ոչ թե երկրի տարածքում ապրող»,- ասաց նա:
Մեր հերթին կրթության և գիտության նախարարությունից հետաքրքրվեցինք` ինչո՞վ է պայմանավորված տոմսերի վաճառքի արգելքը: Հարցին պատասխանեց նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը. «Կրթության և գիտության նախարարությունը ողջունում է աշակերտների` կրթամշակութային դաստիարակությանն ուղղված յուրաքանչյուր քայլ։ Այդ նպատակով դպրոցներում կազմակերպվում են այցելություններ թատրոններ, թանգարաններ, կրթամշակութային օջախներ: Ինչ վերաբերում է վերոնշյալ հաստատություններ այցելության տոմսեր ձեռք բերելուն, ապա դրանք կատարվում են բացառապես ծնողական խորհուրդների համաձայնությամբ»:
Մեր տեղեկություններով` տոմսերի վաճառքը դպրոցներում իրականացվել է ոչ թե կրթադաստիարակչական նպատակներով, այլ շահադիտական, «պարտադրվել» են «անճաշակություններ» և այլն: Հին ու բարի ավանդույթը, երբ աբոնեմենտներով երեխաներն այցելում էր մշակութային օջախներ, դարձել է բիզնեսի ձև: Արդյունքում դրամահավաքության, կոռուպցիայի դեմ պայքարի համար ավելի հարմար միջոց չի գտնվել, քան տոմսերի վաճառքի արգելքը` թացը չորի հետ խառնելով: Ինչ-որ է: Վերոնշյալ պատասխանից հետո մնում է հուսալ, որ ուսուցիչներն ու ծնողները երեխաներին մշակութային օջախների հետ «ծանոթացնելու» պատրաստակամություն կցուցաբերեն:
Չնայած շենքային աննախանձելի պայմաններին, ուսումնական հաստատությունների հետ կապ հաստատելու անհաջող փորձերին, Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնը, այնուհանդերձ, ունի իր հանդիսատեսը: Ստեփան Դավթյանից հետաքրքրվեցինք` ի՞նչն է հանդիսատեսին բերում թատրոն` լավ ներկայացո՞ւմը, լավ դերասա՞նը, թե՞ ստեղծագործական խումբը:
«Լավ դերասանը կարևոր, եթե չասենք` առաջին նախապայմանն է, երկրորդը՝ պիեսը պետք է ասելիք ունենա: Չնայած ժողովուրդն այսօր մի քիչ փոխվել է, նայում է ոչ թե ասելիքին, այլ չասելիքին, թեթև, կենցաղային հումորին, որը հումոր էլ չէ: Եվ, իհարկե, այդ ամենի խթանիչը գովազդն է: Որևէ պետական թատրոն այսօր ի վիճակի չէ գովազդ ապահովելու»,- ասաց պարոն Դավթյանը և նշեց, որ եթե ամբողջ ամիս խաղան, ասենք, մեկ ներկայացում, իրենք էլ կարող են հատկացնել 1-2 միլիոն, 20 օր գովազդել այդ մեկ ներկայացումը և հանդիսատես ապահովել: Բայց երբ ամսվա ընթացքում ունենում են 15 տարբեր ներկայացում, գործնականում գովազդ ապահովելն անհնար է: Զրուցակիցս նշեց նաև, որ Հ1-ը վերջապես խաղարկային թատրոնների ծրագրերը աֆիշի տեսքով անվճար ներկայացնում է: Մինչ այդ թատրոնների ընթացիկ խաղացանկի մասին տեղեկացրել են միայն «Ար» և «Երևան» հեռուստաընկերությունները:
Անդրադառնալով «Հանդիսատեսի հոսքը մե՞ծ է պրեմիերաների ժամանակ» մեր հարցին՝ Ս. Դավթյանն ասաց, որ ներկայացումների առաջնախաղին հրավիրում են մտավորականներին: Բացի այդ, նրա խոսքով, չի կարելի առանձնացնել պրեմիերաները: «Կան ներկայացումներ, որ 25 տարի բեմից չեն իջնում, ինչպես օրինակ, «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացումը,- ասաց նա:- Իսկ առհասարակ, մարդկանց սոցիալական վիճակից շատ բան է կախված: Գնալով հանդիսատեսի պակասն ավելի է զգացվում, մանավանդ Սունդուկյանի թատրոնում, որն ունի 950-տեղանոց հանդիսասրահ: ՈՒրիշ թատրոնների 300-տեղանոց դահլիճում 200 հոգի է լինում, ասում են՝ դահլիճը լիքն է, մեր պարագայում լիքը դահլիճը ենթադրում է 600-700 հանդիսատես, որն ապահովելը բարդ խնդիր է այսօր»:
Մայր թատրոնի դահլիճը տրվում է վարձավճարով: «Ռաբիս երգողին, իհարկե, դահլիճ չենք տրամադրի, գոնե պետք է որակ լինի,- պարզաբանեց թատրոնի տնօրենը:- Հիմա կասեք՝ «7,5»-ի մեջ ի՞նչ որակ կա, ես կպատասխանեմ, որ շատ կա: Լուրջ աշխատանք է արված: Շատ ավելի բարձր մակարդակի է, քան այն, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ